National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
1 / 18

Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:  
 
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիրներին ու փոփոխություններին, դատական համակարգի անկախությանը, կրկնակի ստանդարտների կիրարկման անթույլատրելիությանը, ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ մոտեցման սկզբունքներին:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը` նշելով, որ ցանկալի կլիներ վիճակագրական տվյալներից բացի հաղորդման մեջ տեղ գտներ նաեւ վերլուծության բաղադրիչը: Նա անդրադարձել է նաեւ սահմանազատման խնդրին` նշելով, որ մինչ օրս չի ներկայացվել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է կատարվում սահմանազատման գործընթացը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է՝ ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, ստեղծվի մի իրավիճակ, որպեսզի կարողանան Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն իրականացնել: «Ընդհանրապես, իշխանափոխություն իրականացնելու համար, կարծում եմ, որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են եւ ոչ միայն հոգիները, այլ նաեւ` ինչ-որ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել ու չի հասկանում` ի՞նչ է տեղի ունենում, ո՞ր ուժերն են ուղղորդվում, ո՞ր ուժերն են ուղղորդում, ինչի՞ համար են ուղղորդում... Նպատակը Հայաստանի Հանրապետություն չունենալն է, կամ ունենալ մի միավոր որեւիցե կազմի, ասենք` Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես եղել է 30 տարի»,- ասել է Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով կեղծվող ընտրություններին, բանակի թալանին, պաշտոնակռվին, սնանկությանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը կորցնի անկախությունը: «Հայաստանն ունի եւ ունենալու է իր հստակ սահմանները, Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է իր ընտրությունը կատարելու»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:

Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին` խոսելով ատելության խոսքի, բռնության կոչի, խուլիգանության, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումների, արտաքին անվտանգային հարցերի, հանցավորության, բռնության դեպքերի աճի մասին:

«Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ ուզում եք մեր հայրենիքը տեսնել անվտանգ, բայց արդյո՞ք հնարավոր է լուծել անվտանգային հարցերը երկրի ներսում, եթե մենք անընդհատ միմյանց հետ խոսում ենք ատելության խոսքով: Պատասխանը միանշանակ է` ոչ»,- նշել է Աննա Վարդապետյանը` հավելելով, որ նույն իրավիճակի հետ բախվում է իրավապահ համակարգում: Նա ընդգծել է, որ հանրային տիրույթում չեն ներքաշվելու որեւէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման, իրավական համակարգին թույլ չի տրվելու ներքաշվելու որեւէ քաղաքական դիսկուրսի մեջ:

«Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am